Հանդիպում-քննարկում «Ես և շրջակա աշխարհը» առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի շուրջ

 



Հունիսի 22-ին ԿԶՆԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Ես և շրջակա աշխարհը»   առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի իրազեկման շուրջ, խմբի ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան։

Հանգամանալից ներկայացվեցին՝ նպատակներ

  •          առարկայի բովանդակությունը,
  •          գործունեության հիմնական ձևերը,
  •          վերջնարդյունքները, դրանց ծածկագրումը,
  •          խաչվող և ընդհանրական հասկացությունները,
  •          միջառարկայական և ներառարկայական կապերը,
  •          համապատասխանությունը ՀՊՉ հետ,
  •          առարկայի գնահատման առանձնահատկությունները,
  •          ձևավորող գնահատման օրինակները՝ ըստ յուրաքանչյուր թեմայի,
  •          գործնական աշխատանքների բնույթը և այլն։

 Տիկին Ալեքսանյանը նշեց, որ առարկայի բովանդակությունը կառուցվում է «ես» գաղափարի շուրջ՝ հետագայում ընդլայնելով և բացահայտելով անձի և նրան շրջապատող բազմաշերտ փոխազդեցությունները՝ «Ով եմ ես», «Ես և մարդիկ», «Ես և բնությունը» և «Ես և տիեզերքը» ինտեգրված միավորները կրտսեր դպրոցականներին թույլ են տալիս պատկերացնել իրենց շուրջն եղած աշխարհի ամբողջական և միևնույն ժամանակ բազմաշերտ էությունը՝ փոխադարձ կապվածություններով և փոխկախվածություններով՝ ինքնաճանաչումից մինչև աշխարհաճանաչողություն:

 Առաջարկվող նախագծում ներառված են այս պահին գործող առարկայական ծրագրերի բովանդակային և թեմատիկ բոլոր բաղադրիչները՝ որոշ լրացումներով:

    Հիմնական բովանդակային նորությունները նախատեսվում են բնագիտական բնագավառի թեմաներում, որոնք հարստացվել են փորձարարական, հետազոտական և գործնական գործունեության ձևերով: Ավելացել են որոշ թեմաներ՝ շարժում, ուժեր (ձգում, հրում), էներգիա և այլն։ Կան որոշ թեթևացումներ աշխարհագրական թեմաներից, որոնք նախորդ ծրագրում գերակշռում էին:

    Հասարակագիտական թեմաներում բովանդակային փոփոխություններ գրեթե չկան, առավել շեշտադրված է ինքնության, ազգային արժանապատվության, համայնքի, հայրենիքի, դրա մշակույթի և բնության պահպանման և պատասխանատվության վերաբերյալ արժեհամակարգային բաղադրիչը: Առողջ ապրելակերպի վերաբերյալ թեմաներում որոշ շեշտադրումներ կլինեն ծխախոտի վնասակարության, բուլիինգի (հալածանքի) և համաճարակների ժամանակ անհրաժեշտ վարքականոնների վերաբերյալ:

 Չափորոշչում և ծրագրում ներկայացված են և՛ միջառարկայական, և՛ ներառարկայական կապերը` ապահովելով ինտեգրված ուսուցումը:

 Ըստ բանախոսի՝ առարկայի ծրագրով նախատեսված բաժիններում մեծ ուշադրություն է դարձված և ընդգրկուն պարզաբանումներ են տրված թե՛ գործունեության ձևերի նկարագրության, թե՛ խաչվող գաղափարների վերաբերյալ, որպեսզի տարրական դպրոցի ուսուցիչը բնագիտական թեմաներում բավարար աջակցություն ունենա: 




Comments