Նոր չափորոշիչներ․ « Օտար լեզուներ» բնագավառ

 

Հունիսի 21-ին ԿԶՆԱԿ  հիմնադրամի հյուրն էր  օտար լեզուների բնագավառի առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի աշխատանքային խմբի ղեկավար  Քրիստինե Սողիկյանը։

Քննարկման ժամանակ ներկայացվեց  «Օտար լեզուներ»  բնագավառի՝ անգլերենի, գերմաներենի, ռուսերենի և ֆրանսերենի նոր չափորոշիչները և մշակված օրինակելի ծրագրերը։

Մասնագետը անդրադարձավ այդ բնագավառի առարկաների դասվանդման նպատակներին հասնելու ուղիներին, այն հիմնարար փաստաթղթերին, որոնք կողմնորոշիչ են եղել իրենց աշխատանքում։ Նշվեցին հիմնական գաղափարները և ակնկալվող վերջնարդյունքները։

ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների հետ միասին քննարկեցին առաջիկայում կատարվելիք աշխատանքները՝  փորձելով գտնել առաջադրված խնդիրների ողջամիտ լուծումներ։

Հանրակրթության պետական չափորոշչով թվարկված լեզուներից առնվազն երկուսի ուսուցումը պարտադիր է։ Բացի այդ հնարավորություն է տրվել ընտրելու ևս մեկ՝ երրորդ օտար լեզու։ Այս կերպ ապահովվում է հանրակրթության շրջանավարտների բազմալեզվության և միջմշակութային կարողունակությունների զարգացումանը։

Մշակված առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կարևորում են աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության միջոցով ակտիվ սոցիալական դերակատար լինելուն։ Նախատեսվում է, որ օտար լեզուներով հաղորդակցությունը կօգնի սովորողներին  ճանաչելու  աշխարհը և նրանց մշակույթը։ Կարևորվում է սովորողների կողմից սեփական մշակույթը այլ լեզուներով ներկայացնելու հարցը, ինչպես նաև հանդես գալ որպես ստեղծագործող  և քննադատական մտածողությամբ օժտված անհատներ:

 Նոր չափորոշիչը և օրինակելի ուսումնական ծրագրերը կառուցվել են՝

  • Հանրակրթության պետական չափորոշիչներում ներառված կարողունակությունների և կրթական աստիճանների համար նախատեսված վերջնարդյունքների հետ սերտ առնչությամբ:
  • Հիմնական գաղափարների առանցքի շուրջ ձևավորվող կրթության մոդելով՝ «Հաղորդակցություն», «Մշակույթ», «Քննական և ստեղծարար մտածողություն» և «Ինքնություն» հիմնական գաղափարների հենքի վրա:
  • «Լեզուների իրազեկության եվրոպական շրջանակի» A1 – B2 մակարդակներին համահունչնախատեսվում է, որ հանրակրթության շրջանավարտը դպրոցը կավարտի B2 մակարդակի լեզվիմացությամբ:
  • Բոլոր լեզուների համար որդեգրվել է նույն` հաղորդակցական կարողությունների զարգացման և ինտեգրման մոտեցումը: Այդ նյութերը պետք է նպաստեն առաջարկվող թեմայի շրջանակում բանավոր և գրավոր խոսքի, քննական և ստեղծարար մտածողության կարողունակությունների զարգացմանը:

Քրիստինե Սոլակյանը հավելեց, որ կրթության մեջ առանց համագործակցության և առանց խնդիրների համատեղ լուծման հնարավոր չէ:  

Ի դեմս ԿԶՆԱԿ-ի՝ այսօր կա աշխատանքների շարունակական մոտիվացիա։

Հիմնադրամը կիրականացնի իր հետագա քայլերը, որոնք  կապված են ծրագրերի և չափորոշիչների ներդրման, փորձարկման և հետագա վերանայման գործողությունների կազմակերպման հետ։

 

 

Comments