Հարցազրույց

  



Հարցազրույց «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ՝ Ինգա Վարդանյանի հետ

Կխնդրեմ  ներկայացնել ձեր բաժնի տարեգրությունը, ե՞րբ է այն ստեղծվել։

Բաժինը ստեզծվել է 2021թ-ի ապրիլից, մրցութային կարգով:

Ձեր բաժնի առաքելությունը, ի՞նչ աշխատանքներ եք կատարում։

Բաժնի առաքելությունն է՝ օգնել  մանկավարժներին ավելի արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործունեությունը, նվազեցնելու տեխնիկական խնդիրները և բարձրացնելու կրթության որակը:

Բաժնի նպատակն է՝ ուսուցիչներին և մանկավարժներին տրամադրել որոշակի գործիքներ, որոնց կիրառումը կնպաստի արդյունավետ գործունեությանը:

Ի՞նչ խոչընդոտներ, խնդիրներ են ծագում աշխատանքային գործունեության ընթացքում։

Բաժինը դեռևս ամբողջությամբ համալրված չէ, նեղ մասնագետների կարիքը շատ է զգացվում, ուսումնական նյութերի ստեղծման գործընթացը ներառում է և՛ գործող, և՛ փորձարկվող առարկայական չափորոշիչների փաթեթները:

Հաջողության ի՞նչ պատմություն կներկայացնեք ձեր գործունեությունից։

Չնայած նրան, որ բաժինը գործում է երկու ամիս, գրեթե բոլոր ուսումնական առարկաններից արդեն ստեղծված են թեմատիկ պլանները՝ նվազագույնը երկու ամսվա կտրվածքով։ Առկա են նաև առարկաներ, որոնց թեմատիկ պլանները կազմված են ողջ  2021-2022 ուսումնական տարվա համար:

ԿԶՆԱԿ հիմնադրամի պաշտոնական բլոգում գրեթե ամեն օր ուսուցիչների համար տեղադրվում են նոր նյութեր:

Ովքե՞ր են աջակցում ձեր գործունեությանը:

Մեր գործունեությանը աջակցում են դպրոցի ուսուցիչները, առարկայական փորձագետները և ԿԶՆԱԿ հիմնադրամի տարբեր բաժինների մասնագետները:

Առաջիկայում աշխատանքային ի՞նչ պլաններ, հեռանկարներ կան։ 

Ամբողջացնել թեմատիկ պլանները 2021-2022 ուստարվա համար, ստեղծել ուսումնական մեթոդների և հնարների շտեմարաններ, կարիքների գնահատման արդյունքում ստեղծել համապատասխան մեթոդական և մասնագիտական օժանդակության փաթեթներ, կազմակերպել սեմինարներ:

Ի՞նչ  կհավելեք  ասվածին։

Բաժնի գլխավոր նպատակն է՝ արագ արձագանքել ուսուցիչների կարիքներին, փնտրել և գտնել իրավիճակային լուծումներ, ուսումնասիրել միջազգային փորձը և տեղայնացնել այն:

Comments