Պատմության և գրականության ինտեգրված քննություն Տավուշի մարզում


2024 թվականի հունիսի 20-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի մի խումբ մասնագետներ այցելեցին Տավուշի մարզի մի շարք դպրոցներ՝ ներկա լինելու ինտեգրված քննությանը։ Այցելություններ իրականացվեցին Դիլիջան 2, 4, 5, 6, Իջևանի 1, 3, 4, 5, Թեղուտի, Հաղարծինի դպրոցներ։  

Բոլոր դպրոցներին ժամանակին առաքվել էին քննագրքույկները, քննությունը սկսվեց և ավարտվեց սահմանված ժամանակին։ Բոլոր մասնագետների ուշադրությունը գրավել էր այն փաստը, որ քննասենյակում ոչ մի աշակերտ չէր սպասում, որ իրեն հուշեն, աջակցեն ինչ-որ հարցով, ամենքը զբաղված էին իրենց դիրքորոշումները շարադրելով, խորացել էին իրենց դատողություններում։  

Մեր մասնագետները ներկա էին նաև ստուգման գործընթացին, և բոլոր դպրոցներում ստուգումը երբեմն-երբեմն ընդմիջվում էր ուսուցիչների հիացական արձագանքներով բարձրաձայն ընթերցվում էին աշակերտների գրավորներից հատվածներ, և փաստում էինք, որ շատ իններորդցիների գրավորներ աչքի էին ընկնում հիմնավոր տեսակետներով, բաց ու ազատ մտածելակերպով 

Ընթացքում ուսուցիչներից և տնօրեններից ստացանք բավականին առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն հաջորդ ուստարվա քննաշրջանի ժամանակ։ Մի բան պարզ է, երեխաները սիրեցին այս աշխատանքը, քանի որ հնարավորություն էր ընձեռվել սեփական տեսակետը ներկայացնելու, կարծիք հայտնելու և այն պաշտպանելու։  

Համոզվեցինք, որ ուսուցիչների վերապատրաստումը տվել էր իր արդյունքը, երեխաները կարողանում էին էսսեի չափանիշներին հետևելով միտք ձևակերպել, պնդում առաջադրել և այն ապացուցել։ Մշակված գնահատման չափանիշները ևս արդյունավետ էին։ 

Իհարկե, գրավորների արդյունքների վերլուծությունը նոր գաղափարների հիմք կդառնա, սակայն արդեն պարզ է, որ  էսսեի ներմուծումը՝ որպես քննության տեսակ, կփոխի դասավանդման ողջ համայնապատկերը, այլ առաջնահերթություններ դուրս կբերեն ուսուցիչները դասավանդման ընթացքում, նոր չափորոշիչը ավելի առարկայական կդառնա։ 

Հանրակրթության պետական չափորոշչի

և ուսումնական ծրագրերի 

բաժնի պետ՝ Գայանե Մկրտչյան  







 







Comments