Հանդիպում -քննարկում «Քիմիայի» չափորոշիչների և ծրագրերի շուրջ

Հունիսի 9-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի հյուրն էր «Քիմիա» առարկայի  չափորոշիչների և ծրագրերի համահեղինակ՝ Արմեն Գալստյանը։

Հանդիպման ընթացքում մասնագետը ներկայացրեց «Քիմիա» առարկայի այժմ գործող չափորոշչի, ծրագրի և նոր մշակված փաստաթղթի տարբերությունները, ինչպես նաև կատարված  փոփոխությունները։ Այսպես, գործող չափորոշչով սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները փոխարինվել են դպրոցի յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտի համար սահմանված ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով: Դրանք ուղղված են ոչ միայն տեսական նյութի իմացությանը, այլ նաև սովորողների տրամաբանական մտածողության, գիտելիքները տարբեր իրավիճակներում կիրառելու, պրակտիկ գործունեություն ծավալելու կարողությունների զարգացմանը:

Մասնագետի ներկայացրած նոր չափորոշիչների և ծրագրերի հանրակրթական դպրոցում «Քիմիա» առարկայի ուսուցումն իրականացվելու է երկու փուլով: Առարկայի բովան­դակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էապես փոխվել են։ Միջին դպրոցում այն որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Ավագ դպրոցում սովորողները, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, իրենց ընտրությամբ կարող են քիմիան ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված «Բնագիտություն» առարկայի շրջանակում, որը ներառում է գիտելիքներ նաև բնագիտական այլ առարկաներից: Վերջինս նախատեսված է հումանիտար և հասարակագիտական ոլորտում մասնագիտացողների համար և դասավանդվելու է 10-11-րդ դասարաններում:

Արմեն Գալստյանը նշեց, որ առաջարկվող օրինակելի ծրագրում բեռնաթափվել է ուսումնական նյութը, ինչը հնարավորություն է ընձեռելու առավել շատ ժամանակ հատկացնել սովորողների գործնական հմտությունների զարգացմանը, խնդիրների լուծմանը, լաբորատոր, նախագծային և հետազոտական աշխատանքների կատարմանը: Վերանայվել են քիմիայի ուսումնական ժամաքանակները 7-12-րդ դասարաններում, ինչպես նաև` սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման ձևերը և սկզբունքները։

Կարևոր

Առարկայի բովանդակությունը կառուցվել է հինգ հիմնական գաղափարների (Նյութի մասնիկային բնույթ՝ ատոմ և մոլեկուլ։ Քիմիական կապ, կառուցվածք և հատկություններ։ Քիմիական ռեակցիաներ։ Էներգիայի պահպանման օրենք և թերմոդինամիկա։ Կինետիկա և հավասարակշռություն) հենքի վրա, որոնք առավել կոնկրետացվել են հաջորդ երկու մակարդակներում: Նման մոտեցումը նպաստելու է ուսումնասիրվող թեմաների, կոնկրետ ուսումնական նյութերի ընտրության արդյունավերության բարձրացմանը:մակարդակներում: Նման մոտեցումը նպաստելու է ուսումնասիրվող թեմաների, կոնկրետ ուսումնական նյութերի ընտրության արդյունավերության բարձրացմանը:

Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակության կառուցման հիմքում դրվել են նաև մի շարք այսպես կոչված՝ խաչվող հասկացություններ, որոնք ընդհանրական են բոլոր բնագիտական առարկաների համար և օգնելու են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքներն աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակում: Փաստաթղթում սահմանվել են տարատեսակ հետազություններ կատարելու համար անհրաժեշտ ընդհանրական հմտությունները, որոնց ձևավորմանը պետք է նպատակաուղղվի ուսումնական գործընթացը: Որպես ուսումնական գործունեության տեսակ` ներմուծվել են նախագծային և հետազոտական աշխատաքները: Ի տարբերություն ներկայումս գործող ծրագրի, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար, առաջարկվող ծրագիրն ընդամենը օրինակելի է, այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց կարող է կամ օգտագործել այդ ծրագիրը, կամ դրա հիման վրա մշակել և հաստատման ներկայացնել իր սեփականը՝ պարտադիր ապահովելով ակնկալվող վերջնարդյունքների ձևավորումը:

Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, նոր գաղափարներ, խոսվեց նաև ներառված աշակերտների հետ կապված խնդիրներից։

Նա նշեց, որ վերջնարդյունքները ձևակերպելիս առավել ուշադրություն է դարձվել դրանց չափելիության, հստակության, միարժեքության, սովորողների զարգացման դինամիկայի ապահովման հետ կապված խնդիրներին: Աշխատանքի ընթացքում հաշվի են առնվել մի շարք առաջատար երկրների` քիմիայի կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի և վերջնարդյունքների մշակման վերջին զարգացումները։






 

 

Comments